2 Chronicles 10
1 Ռոբովամը եկավ Սյուքեմ, որովհետև բոլոր իսրայելացիները եկել էին Սյուքեմ՝ նրան թագավոր դարձնելու։
2 Երբ Նաբատի որդի Հերոբովամը, որը Սողոմոն արքայից Եգիպտոս էր փախել ու բնակվել Եգիպտոսում, լսեց այս բանը, վերադարձավ Եգիպտոսից։
3 Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան։ Հերոբովամը և ողջ Իսրայելը եկան Ռոբովամ արքայի մոտ և ասացին.
4 «Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը։ Արդ, թեթևացրո՛ւ հորդ նշանակած տաժանակիր աշխատանքն ու մեզ վրա դրված ծանր լուծը, որ քեզ ծառայենք»։
5 Նա նրանց ասաց. «Գնացե՛ք և երեք օրից եկե՛ք ինձ մոտ»։ Ժողովուրդը գնաց։
6 Ռոբովամ արքան հավաքեց ծերերին, որոնք իր հոր՝ Սողոմոնի կենդանության օրոք կանգնում էին նրա առաջ, և ասաց. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին»։
7 Նրանք ասացին նրան. «Եթե այսօր այդ ժողովրդի նկատմամբ բարյացակամ լինես, հաճելի լինես և լավ խոսքեր ասես նրանց, քեզ միշտ ծառա կլինեն»։
8 Սակայն նա անտեսեց այն խորհուրդը, որ ծերերը տվել էին իրեն, և խորհուրդ հարցրեց իր հետ մեծացած տարեկից ընկերներից, որոնք իր առջև էին կանգնում։
9 Ասաց նրանց. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին, որ ինձ հետ խոսեց՝ ասելով. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրեց մեզ վրա”»։
10 Նրա հետ մեծացած ընկերները նրան ասացին. «Այսպես կխոսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թե՝ “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթևացրո՛ւ մեր վրայից”։ Նրանց այսպես կասես. “Իմ ճկույթն ավելի հաստ է, քան հորս մեջքը։
11 Արդ, եթե իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Եթե իմ հայրը խրատել է ձեզ գավազաններով, ապա ես ձեզ կխրատեմ կարիճներով”»։
12 Հերոբովամը և ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մոտ, ինչպես որ արքան էր ասել. «Ինձ մո՛տ վերադարձեք երրորդ օրը»։
13 Արքան խստությամբ պատասխանեց՝ անտեսելով ծերերի խորհուրդը.
14 նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ծանրացրեց ձեր լուծը, իսկ ես ավելացնելու եմ այն։ Իմ հայրը գավազաններով էր ձեզ խրատում, իսկ ես ձեզ խրատելու եմ կարիճներով»։
15 Արքան չլսեց ժողովրդին, որովհետև կործանումն Աստծուց էր սահմանված, որպեսզի Տերը հաստատի սիլովնացի Աքիայի բերանով իր ասած խոսքերը Նաբատի որդի Հերոբովամի մասին։
16 Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրենց, ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ բաժին ունենք Դավթի հետ, ի՞նչ ժառանգություն՝ Հեսսեի որդու հետ։ Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայել, իսկ դու քո տա՛ն մասին հոգա, ո՛վ Դավիթ»։ Եվ բոլոր իսրայելացիները գնացին իրենց բնակավայրերը։
17 Իսկ Հուդայի քաղաքներում ապրող մյուս իսրայելացիները Ռոբովամին դարձրին իրենց թագավոր։
18 Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայելացիների մոտ, բայց իսրայելացիները քարկոծեցին նրան, ու նա մեռավ։ Ռոբովամ արքան հազիվ կարողացավ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղեմ։
19 Եվ իսրայելացիները երես դարձրին Դավթի տնից մինչև այսօր։